Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա. ավագ լեյտենանտն ու ընկերը դաժանաբար սպանել են աշխատակցին
ՀասարակությունԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատական քննությունը:
Երկու երիտասարդները մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ ծանրացուցիչ հանգամանքներում, նախնական համաձայնությամբ կատարված սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:
Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:
Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:
Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:
Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի ակտիվ դիմադրությանը:
Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն:
Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ ամբաստանյալները ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժողին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, նաև դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ ծանր վնասվածքներ:
Այնուհետև Մելքոնյանն ու Բաբայանը, նկատելով, որ մոտենում են հարևան «Իբիցա» հյուրանոցի աշխատողները, դիմել են փախուստի:
Մկրտիչ Բաբայանը գնացել է իր ծառայության վայր, կատարել է ծառայական պարտականությունները: Նրա ծառայակիցները հետագայում զարմացել են՝ իմանալով, որ Մկրտիչը ծառայության ներկայանալուց առաջ ավազակային հարձակում էր կատարել…
Տուժող Ավետիք Մարտիրոսյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:
Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը գործով չպարզված աղբյուրից ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք՝ փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:
Կատարված հանցագործությունը ֆիքսվել է տեսանկարահանող սարքերով, ամբաստանյալները չեն ժխտում իրենց կողմից արարքի կատարումը:
Լևոն Մելքոնյանը նախաքննության ավարտին հայտնել է, թե ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, այդ դիտավորությամբ չէ, որ հարվածներ է հասցրել դանակով:
Մկրտիչ Բաբայանը սպանության մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ տուժողի մահը իր գործողությունների արդյունքում չէ, որ վրա է հասել, ինքը դանակով տուժողին ընդհանրապես հարվածներ չի հասցրել…
Երկու ամբաստանյալն էլ նախկինում երկու անգամ դատվել են, նրանց դատվածությունը մարված է:
Դեպքից առաջ Լևոն Մելքոնյանը «Արաքս» բենզալցակայանում աշխատել է 3-4 ամիս: Նա մի քանի անգամ աշխատանքի է ներկայացել խմած վիճակում, ինչի պատճառով նրան ազատել են աշխատանքից: Լևոնը, ըստ դատարանում հարցաքննված վկաների, բենզալցակայանի դրամարկղից գումար էր վերցրել՝ 10-15 հազար դրամ: Աշխատանքից ազատվելուց հետո նա այդ գումարը չի վերականգնել:
Տուժող Ավետիք Մարտիրոսյանը «Արաքս» բենզալցակայանում նոր էր աշխատանքի ընդունվել, ընդամենը մի քանի օր էր աշխատում… Երբ Ավետիքն աշխատանքի է ընդունվել, Լևոն Մելքոնյանն արդեն ազատված էր աշխատանքից, նրանք իրար հետ բենզալցակայանում չեն աշխատել:
Ավետիք Մարտիրոսյանը 47 տարեկան էր, ընտանիք ունի, երկու երեխա:
Դատարանը այս գործով դեռևս վկաների հարցաքննության փուլում է:
Դատարան էին հրավիրվել երկու փորձագետներ, այդ թվում՝ դատաբշկական փորձաքննությունն անցակցրած փորձագետը:
Նախաքննական մարմինը այս երկու փորձագետներին հարցաքննել էր ոչ թե որպես փորձագետների, այլ որպես վկաների, ինչը տարակուսանքի մեջ գցեց ոչ միայն պաշտպանական կողմին, այլև մեղադրող Հ. Հարությունյանին:
Ամբաստանյալ Լևոն Մելքոնյանի շահերի պաշտպան Անուշ Մխիթարյանն առարկեց փորձագետին վկայի կարգավիճակով հարցաքննելու դեմ՝ նշելով, թե փորձագետները գործի քննության ընթացքում կարող են հարցաքննվել որպես փորձագետներ՝ այն եզրակացության վերաբերյալ, որը տվել են:
Ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ փորձագետը դատարանում կարող է հարցաքննվել որպես փորձագետ՝ նա բացատրություն կարող է տալ իր տված եզրակացության շուրջ, եթե այդ եզրակացության մեջ ինչ-ինչ բաներ պարզ ու հասկանալի չեն: Սակայն տվյալ գործով ո՛չ մեղադրանքի կողմը, ո՛չ պաշտպանական կողմը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չեն վիճարկել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դատարանի կողմից արդեն իսկ հետազոտվել է: Պաշտպանն ընդգծեց. «Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կասկած չի հարուցում: Ինչի՞ կապակցությամբ որպես վկա պետք է հարցաքննվի փորձագետը, եթե նա դեպքին ականատես չի եղել, դեպքի վերաբերյալ որպես վկա ոչինչ չի կարող ասել»:
Մեղադրող Հ. Հարությունյանն առաջարկեց այնուամենայնիվ հարցաքննել դատարան ներկայացած փորձագետներին, ինչին պաշտպանական կողմն առարկեց:
Դատարանը համակարծիք եղավ պաշտպանական կողմին՝ փորձագետները կարող են հարցաքննվել ոչ թե որպես վկա, այլ՝ որպես փորձագետ, այն էլ՝ եթե նրանց տված եզրակացության մեջ կան կասկածելի, անհստակ, անհասկանալի մասեր, որոնց վերաբերյալ կողմերը հարցեր ունեն պարզաբանելու: Քանի որ այս գործով կողմերը փորձաքննությունների եզրակացությունների վերաբերյալ կասկածներ չունեին, դատարանը փորձագետներին չհարցաքննեց:
Նախաքննության ժամանակ փորձագետների՝ որպես վկա հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքները դատարանը կհանի ապացույցների շարքից:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Ավետիք Մարտիրոսյանի մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ են դանակով հասցված հարվածները…
Դատարանը հարցաքննեց վկա Մարիամ Դ.-ին: Վերջինս դեպքի պահին եղել է ուսանող, աշխատել է դեղատանը: Դեպքի գիշերը նա եղել է գիշերային հերթափոխում: Տեսանկարահանող սարքերի տեսագրած նյութերի զննությամբ պարզ է դարձել, որ ամբաստանյալները այս վկայից են դեպքի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում գնել բժշկական ձեռնոցներ, որոնք հագել են ավազակային հարձակման ժամանակ:
Վկան ասաց, որ ուշադրություն չի դարձրել ձեռնոց գնողների արտաքինին, չի կարող նրանց ճանաչել՝ բժշկական ձեռնորցներ գնում են շատ-շատերը:
Մեղադրողի հարցերին ի պատասխան՝ վկան ասաց, որ իրենից գնել են երկու զույգ ռետինե, կաթնագույն բժշկական ձեռնոցներ ու վճարել են 130 դրամ:
Այս գործով կան չորս վկաներ, ովքեր համառորեն չեն ներկայանում դատարան՝ չնայած դատարանը մի քանի անգամ նրանց բերման ենթրակելու որոշում է կայացրել: Ոստիկանները այս վկաներին հայտնաբերել ու բերման ենթարկել չեն կարողանում:
Նախագահողը հարցրեց կողմերին՝ ի՞նչ կարծիքներ ունեն այս վկաների հարցաքննության վերաբերյալ:
Մեղադրող Հ. Հարությունյանն ասաց, որ նախկինում ինքը կմիջնորդեր այս վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարանը հնարավոր քայլերն արել է՝ նրանց բերման ենթարկելու համար: Սակայն մեղադրողը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան նոր որոշում է կայացրել՝ այսուհետ մեղադրող դատախազները չեն միջնորդի, որ դատարանը հրապարակի դատարան չներկայացող վկաների նախաքննական ցուցմունքները: Եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած որոշումների լույսի ներքո դատախազության կոլեգիան որոշել է, որ դատախազները պետք է պնդեն, որ դատարանը բոլոր վկաների ներկայությունը դատարանում պարտադիր ապահովի, եթե անգամ կարիք լինի վկաներին հեռավոր վայրերից բերել…
Մեղադրող Հ. Հարությունյանը պաշտպան Լ. Սիմոնյանի առաջարկին՝ հիշյալ չորս վկաների տված ցուցմունքներից՝ որպես ապացույցից հրաժարվելու մասին, մերժումով պատասխանեց ու պնդեց, որ դատարանը մեկ անգամ ևս քայլեր ձեռնարկի չներկայացող վկաների ներկայությունը հաջորդ նիստին դատարանում ապահովելու համար:
Դատարանը ևս մեկ անգամ բերման ենթարկելու որոշումներ կայացրեց: