Ինչ պատժամիջոցներ է նախապատրաստում Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ
ԱշխարհՎրաստանի խորհրդարանը կանցնի փաստաթղթի դիտարկման, որը պայմանականորեն արդեն ստացել է «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկ» անվանումը, գրում է Независимая Газета-ն:
Օրենքի նախագիծն իր անվանումը ստացել է Վրաստանի քաղաքացիների ազգանուններով, որոնք մահացել են հակամարտության գոտիներում խաղաղ ժամանակ:
Խոսքն «օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությունների, խոշտանգումների, առևանգումների համար մեղավոր Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին է»: Թե ռուսներից կոնկրետ ով կհայտնվի ցանկում՝ դեռ հայտնի չէ:
Ցանկը դեռևս քննարկվում է խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստերում: Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Սոֆո Կացարավան, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև քաղաքական խորհրդակցություններն ավարտվել են, կողմերը պայմանավորվել են բոլոր սկզբունքային հարցերի շուրջ:
Կացարավայի խոսքով՝ փաստաթղթի ընդունումից հետո կառավարությունը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ սահմանափակող միջոցներն «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկում» միջազգային կազմակերպությունների և գործընկերների կողմից նշված անձանց նկատմամբ՝ ընդհուպ սեփականության, վիզայի և ֆինանսական գործարքների հետ կապված սահմանափակումներ: