Քոչարյանի ընտանիքի մտերիմն ու ներման խնդրագիրը. ում համար են դիմել Սերժ Սարգսյանին
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 8-ին գրել էր, որ Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է` գտնվում է անազատության մեջ: Ներում են ստացել «Քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար: Հատկապես այս վերջին գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին դիմել է «Քիմիկների գործով» մեղադրյալներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: Բանն այն է, որ Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր- սանիկական հարաբերութունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների հետ: Ուստի չի բացառվում, որ երկրորդ նախագահի ընտանիքը դիմել է արդարադատության նախարարին, որ նա անձամբ Սերժ Սարգսյանին դիմի եւ Սամվել Խաչատրյանի համար ներում խնդրի: Սամվել Խաչատրյանը 2010 թվականից անազատության մեջ է եւ առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել 12 տարի ժամկետով: Ասել է, թե Խաչատրյանը արդեն 8 տարի է, ինչ կրում է իր պատիժը, եւ նրա պատժի կրմանը մնացել է ընդամենը 4 տարի:
մանրամասն՝ կայքում