«Ուզում եմ հասնել նրան, որ Ղարաբաղում քայլելիս չասեն՝ Հայաստանի՞ց ես»․ Ասյա Խաչատրյան
Բաց մի թողեքՀամացանցում լայն տարածում ստացած, Ստեփանակերտում ապրող և աշխատող Ասյա Խաչատրյանի պատմությունը շարունակում է մնալ կարևոր։ Ըստ իր ներկայացրած պատմության՝ փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան ու ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման, տանում բաժին, ծեծի ենթարկում, և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Ասյա Խաչատրյանի հասցեին։ Ըստ Ա. Խաչատրյանի՝ ոստիկանները պատճառաբանել են, թե ծխելով և երկնագույն մազերով չպետք է քայլել Ստեփանակերտի փողոցներում։
Մեզ հետ անկեղծ զրույցի ժամանակ Ասյան պատմեց, որ ոստիկանները նշել են նաև, թե հարևանները բողոքել են իր դեմ, պնդելով, որ տարբեր տղաներ են գնում իր բնակարան, սակայն նա հերքեց հարևանների մեղադրանքը։ Ասյան նկատեց նաև, որ Ստեփանակերտում այլ աչքով են նայում Հայաստանի քաղաքացիներին, և նա երկար է մտածել՝ բարձրաձայնե՞լ այդ խնդիրը, թե՞ ոչ։ Վերջին դեպքը ստիպել է նրան բարձրաձայն խոսել այդ մասին, ինչն էլ բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։