Նոր մանրամասներ պաշտոնյայի ձերբակալությունից
Հասարակություն«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ի բացահայտած «պրիմիտիվ գողության» դեպքից: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, տեսուչ Գ. Բ.-ին ձերբակալել են օրը ցերեկով: Նա աշխատում էր Մաշտոցի հարկային տեսչությունում, որի պետը նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է` Հրանտ Կարապետյանը:
«Դժվար հարկայինի շարքային տեսուչը ռիսկ աներ իր նախաձեռնությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ վերցներ տնտեսվարողից: Վերջը այդ տղան ցուցմունք է տալու եւ ասելու է, թե ում է տվել պարբերաբար գումարի մի մասը»,-ասում է ՊԵԿ մեր աղբյուրը: Մի ուշագրավ հանգամանք եւս, ՊԵԿ ղեկավարի հրամանով` տեսուչներից մոտ վեց ամիս է վերցված են տարածքները, իսկ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է իր ամրակցված տարածք հասկացողությունը:
Ի դեպ, օրեր առաջ էլ ՀՔԾ-ն էր հաղորդագրություն տարածել, ըստ որի Արտաշատի տարածքային հարկային տեսչության աշխատակից Տ. Մ.-ն, իրականացնելով քաղաքացի Գոհար Վ.-ին պատկանող կազմակերպությունների հաշվապահության հաշվառումը, վերջինիս հետ միասին կազմել և հարկային տեսչություն է ներկայացրել հաշվետվություններ` նրա ՍՊ ընկերության կողմից հնարավորինս պակաս հարկային պարտավորություններ առաջացնելու նպատակով: Հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս հաղորդագրությունը ուշագրավ է նրանով, որ Արտաշատի հարկային տեսչության ղեկավարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է` Վարդան Մամիկոնյանը:
Հնարավոր է` այս քայլերով իշխանությունները փորձում են հեռացածներին «մեսիջներ» հղել շատ չնեղանալու եւ քայլեր չանելու, այլապես հաջորդ օպերատիվ հետախուզական միջոցառումը կարող է անմիջապես նրանց եւ նրանց հարազատների մասնակցությամբ իրականանալ: