Ռուսաստանը՝ ծուղակի մեջ․ ինչ պետք է անենք մենք
ՔաղաքականությունՌուսաստանը, բնական է, որոշ բաներ վերանայել է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցում, բայց ոչ առկա պայմանագրերը, որովհետև եթե հիշում եք՝ Կոսաչովը Երևանում հայտարարեց, որ մենք մեր պայմանավորվածությունները չենք կարող խախտել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովը:
«Ուղղակի նոր պայմանագիր կնքելիս, Ադրբեջանին նոր զինատեսակներ վաճառելիս երևի ռուսները հաշվի կառնեն 2016 թվականին տեղի ունեցածը, երբ թուրքերն ակտիվ գործողությունների դիմեցին՝ Մոսկվայից թույլտվություն չստանալով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների արտաքին կապերի աշխուժացմանը, մասնավորապես՝ Բակո Սահակյանի ԱՄՆ այցին, Վարդանովն ասաց. «Ռուսն ինքն իրեն գցել է ծուղակի մեջ՝ անընդհատ ոչ հեռատես հայտարարություններ անելով։ Ռուսաստանն անընդհատ հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան չի, ասում է՝ ես ԽՍՀՄ-ի իրավահաջորդն եմ։ Բա որ դու ԽՍՀՄ իրավահաջորդն ես, Հարավային Կովկասում քո ազդեցությունը Խորհրդային միությունից ես ժառանգել, բա ինչո՞ւ չես ուզում քո ազդեցությունն օգտագործել նաև Արցախի պարագայում։ Եթե չես օգտագործում, չպե՞տք է Արցախը, որպես չճանաչված երկիր, անվտանգության երաշխիքներ փնտրի այնտեղ, որտեղ իր հետ պատրաստ են զրուցել։ Ռուսաստանը պատրաստ չի դրան, ու հիմա ինքն իրեն դնելով ծուղակի մեջ, պետք է հայերի համար ավելի հաճոյանալով ինչ-որ գործողություններ անի, որոնցից մեկն էլ հենց 2016-ից հետո իր ռազմատեխնիկական կապերի ու զենքի մատակարարումների վերանայումն է Ադրբեջանի հետ»,- ընդգծեց Վովա Վարդանովը։