Ռուսաստանը նավատորմը մոտեցնում է Բաքվին
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմն Աստրախանից կտեղափոխվի Դաղստան՝ Կասպիյսկ քաղաք։
Կասպիյսկում հսկայական շինարարություն է ծավալվում՝ կառամատույցներ, նավամատույցներ, սպասարկման կետեր, բնակարաններ։ Բազմակի կավելանա սպաների ու զինծառայողների քանակը, հայտարարել է Շոյգուն։
Մեկնաբանելով նավատորմի տեղափոխման որոշումը՝ Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Վիկտոր Կրավչենկոն Ինտերֆաքսին հայտնել է, որ դա թույլ կտա Կասպյան ծովում «հզոր բռունցք» ստեղծել։ «Մենք Կասպյան ծովում կունենանք հզոր բռունցք։ Բոլոր ուժերը կենտրոնացած կլինեն մեկ տեղում, եւ տորմիղը կախված չի լինի եղանակային պայմաններից», ասել է նա։
ԽՍՀՄ-ի օրոք Կասպյան նավատորմը տեղակայված էր Բաքվում։ Նավատորմի տեղափոխումը ռուս պաշտոնատարները բացատրում են եղանակային պայմաններով, մասնավորապես Վոլգայի դելտան եւ Կասպից ծովի հյուսիսային հատվածը սառցակալում է, ինչը դժվարություններ է ստեղծում նավատորմի համար:
Նշենք, որ Կասպյան նավատորմը մտնում է Հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ, որի կազմում են նաեւ ՀՀ-ում ռուսական բազան: Նշենք նաեւ, որ Կասպից ծովից ռուսական տորմիղը հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ: Նավատորմը այսպիսով կմոտենա Բաքվին: