Իսպանիայի թագուհու ու նրա սկեսրոջ մասնակցությամբ տհաճ միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
ԱշխարհԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որից պարզ է դառնում, որ հարս-սկեսուր բարդ փոխհարաբերությունները հատուկ են նաև թագավորական ընտանիքներին:
Տեսանյութն արվել է կիրակի՝ իսպանական Մայորկայում, ու ցույց է տալիս, որ Իսպանիայի Լետիցիա թագուհու և նրա սկեսրոջ՝ նախկին թագուհի Սոֆիայի միջև հարաբերություններն այն աստիճան լարված են, որ նրանք դա ցույց են տալիս նաև անծանոթների ներկայությամբ:
Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագի ավարտից հետո արված տեսագրությունում երևում է՝ ինչպես է Սոֆիան հպարտ ձեռքերը դնում իր երկու թոռնուհիների՝ արքայադուստրեր Լեոնորի ու Սոֆիայի ուսերին, ու կեցվածք ընդունում նրանց հետ լուսանկարվելու համար:
Այդ ընթացքում նրանց առջև է կանգնում 45-ամյա թագուհի Լետիցիան ու անընդհատ այսուայն կողմ շարժվում՝ թույլ չտալով սկեսրոջը լուսանկարվել իր երեխաների հետ:
Հետո թագուհին փորձում է ավագ դստեր ուսից հեռացնել 79-ամյա Սոֆիայի ձեռքը, որն իր հերթին հրում է հարսի ձեռքը: Այդ պահին միջամտում է Իսպանիայի թագավոր Ֆելիպեն, որը մոտենում է կնոջն ու ինչ-որ բան ասում: Այդ ընթացքում թագավորի հայրը՝ 2014թ. գահից հրաժարված Խուան Կառլոսը, զարմացած նայում է երկու կանանց:
Տհաճ միջադեպին արձագանքել է Հունաստանի արքայադուստր Մարի Շանտալը, որի ամուսինը՝ թագաժառանգ արքայազն Պավլոսը, Ֆելիպե թագավորի զարմիկն է:
Նա իր թվիթերյան էջում գրել է, որ աշխարհում ոչ մի տատիկ նման վերաբերմունքի արժանի չէ:
«Այժմ նա ցույց տվեց իր իրական դեմքը (նկատի ունի թագուհի Լետիսիային-Tert.am):Ի՞նչ է այս մասին գրում իսպանական մամուլը: Սա ուղղակի ահավոր է»,-մեկ այլ թվիթում գրել է Մարի Շանտալը: