Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկ
ՔաղաքականությունNew Europe, The New York Times, Project Syndicate, World Review պարբերականների՝ «Մեր աշխարհը» համատեղ տարեկան ամփոփագրում տպագրվել է Բարգավաճ Հայաստան Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկ» հոդվածը: Այս պարբերականում հրապարակումներով են հանդես եկել քաղաքական, հասարակական, տնտեսական հայտնի գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և այլք: Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հոդվածը:
Հայաստանը՝ Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկ
Որքան էլ մենք խոսենք համաշխարհային, գլոբալ խնդիրներից ու մարտահրավերներից, պետք է ընդունենք, որ այսօր մենք ապրում ենք բավականին հետաքրքիր, արագ փոփոխվող աշխարհում, երբ գություն ունեցող բազմաթիվ կոնստանտներ սկսում են քանդվել, կամ տրանսֆորմացվել։ Համաշխարհային տնտեսական օրակարգ ձեւավորող երկրներում մենք տեսնում ենք, թե ինչպես են գիտական տեխնոլոգիաների զարգացումը եւ նոր արդյունաբերական մոդելները ջարդում գոյություն ունեցող կարծրատիպերը։ Համաշխարհային տնտեսությունը այսօր ապրում է անդառնալի տրանսֆորմացիայի փուլ։ Աշխարհը կանգնած է նոր՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության շեմին, որը ջնջելու է տեխնոլոգիական հայտնի եւ ընդունված սահմանները, արմատապես վերափոխելու է տեխնոլոգիական եւ արդյունաբերական շղթաները։ Նոր արդյունաբերական հեղափոխության բնորոշիչներն են լինելու տարբեր տեխնոլոգիաների միաձուլումը, ինչպես նաեւ՝ թվային տնտեսության եւ թվային հասարակության ձեւավորումը։
Իհարկե, իմ երկիրը՝ Հայաստանը, դեռեւս հեռու է 21-րդ դարի այս լրջագույն տրանսֆորմացիոն զարկերակից, որովհետեւ մենք մեր երկրի ներսում դեռեւս շատ պարզագույն ու անհրաժեշտ խնդիրներ պիտի կարողանանք լուծել։ Բայց որ մրցունակ տնտեսություն եւ մրցունակ երկիր ունենալու համար մենք պիտի անցնենք տնտեսական նոր քաղաքականության՝ դա փաստ է, եւ դա անխուսափելի է։