Մի քանի ուրախ նորություն․ «Հրապարակ»
ՀասարակությունԳիտե՞ք մեր երկրում որն է ամենալավը. որ բոլորի տրամադրությունը բարձր է՝ և՛ պաշտոնից ազատվողների, և՛ նշանակվողների, և՛ ժողովրդի…
Մենք միասնական ազգ ենք, ոչ մեկին չենք նեղացնում, միասին ուրախանում ենք: Մի քանի օր առաջ ինչ վատ եղանք, որ գրեցին՝ Գագիկ Բեգլարյանին փնտրում են, միլիոններն առել ու թռել է:
Այսօր, խնդրեմ, սաղ–սալամաթ գտնվել է ՀՀԿ-ի շենքում, ու ինչպես Շարմազանովն է ասում՝ նախկին վարչապետն ու նախկին նախարարը բարձր տրամադրություն ունեն:
Սրանից լավ լու՞ր…
«Ե՛վ պարոն Բեգլարյանի, և՛ պարոն Աբրահամյանի տրամադրությունը շատ բարձր էր։ Նրանք կառուցողական, արդյունավետ աշխատում են, աշխատելու են մեր թիմի կազմում, և մամուլի գրած բոլոր հեքիաթներին մի հավատացեք։ Ե՛վ Աբրահամյանը, և՛ Բեգլարյանը մեր հանրապետական թիմի առանցքային անդամներն են»:
Սրանից լա՞վ բան: Ամա՜ն, թող լավ լինեն, մեկի մազն էլ չծռվի:
Վերջում էլ մի այնպիսի լավ լուր ասաց, որ հոտնկայս վիճակ էր․ «Կարեն Կարապետյանն էլ է ՀՀԿ-ինը».
«Կարեն Կարապետյանը եղել է Երևանի ավագանու հանրապետական ցուցակում, Երևանի հանրապետական ավագանու ֆրակցիան է նրան առաջարկել քաղաքապետի պաշտոնում։ Այսօր նա մեր թիմի անդամ է, կլինի նա կուսակցական, չի լինի կուսակցական․․․ Օրը կգա, բարին հետը, կորոշեն ինքն ու Հանրապետության նախագահը»:
Ախր ինչու՞ չլինի է՜. մի ազգ ենք, մի պետություն: Բայց մի փոքրիկ կասկած այնուամենայնիվ խուտուտ է տալիս ինձ. էդ դեպքում ինչու՞ է Կարեն Կարապետյանը նախարարներին պաշտոններից ազատում․ ում ժողովուրդը ավելի շատ է ատում՝ պաշտոնից հանում է… Ինչու՞ է վատամարդ դառնում: Թող աշխատեն էլի. սովորել ենք, դեռ ոտի ենք, տանում ենք...
Վա՜յ, դա էլ հասկացա. ուզում է, որ ժողովուրդն էլ ուրախանա: