«Ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ եմ ես զգում». Լիլիանա Բելլա
Life21-ամյա երգչուհի Լիլիանա Բելլայի «Ya» երգի տեսահոլովակն աչքի է ընկնում իր վառ կերպարներով, ուրույն ոճով եւ հետաքրքիր լուծումներով: BRAVO.am-ը զրուցել է Լիլիանայի հետ, ով, ի դեպ, մասնագիտությամբ տնտեսագետ է եւ մի քանի տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Հետաքրքրվել ենք, թե երբվանից է զբաղվում երաժշտությամբ, ինչ ժանրեր է նախընտրում եւ ինչ պլաններ ունի հայկական շոու-բիզնեսի հետ կապված:
«Ya» երգի տեսահոլովակի մասին
Սա իմ առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է. նախորդներն ինքս եմ հավաքել տարբեր կադրերի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հեղինակը՝ ԳԱԳՍՈ-ն (Գարեգին Ներսիսյան): Առհասարակ, իմ երգերի բառերը միշտ ինքս եմ գրում, որովհետեւ երաժշտությունն ինձ համար արտահայտվելու միջոց է, եւ ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ եմ ես զգում: Իսկ ինչ վերաբերում է հոլովակին, ապա ամեն ինչ մտածել, նախագծել ու իրականացրել է ռեժիսոր Մերի Մովսեսյանը, նկարահանել է օպերատոր Արտյոմ Սարիբեկյանը: Երգը սիրո մասին է, երգում եմ՝ «Իմ անսահման խենթ աշխարհում ես քեզ համար տեղ եմ գտնում ու թույլ եմ տալիս, որ մտնես իմ կյանք:)»:

