ԵՊՀ-ում քաշքշել են ուսանողուհուն
ՀասարակությունԱյսօր մի խումբ ուսանողներ Երեւանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին եւ բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները:
Իրազեկման ընթացքում ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց եւ խլրել թռուցիկները: Նա ուսանողներից մեկին մեղադրել է ԵՊՀ-ում պաստառներ թաքցնելու համար:
ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն:
Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել իրավիճակը: ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ քիչ անց հետ կզանգեն եւ կզբաղվեն խնդրով:
Այս պահին ուսանողները դուրս են եկել ԵՊՀ շենքից: Նրանք հասցրել են մի քանի թռուցիկներ բաժանել:
Հիշեցնենք, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու: Շուրջօրյա հավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին, Երեւանի Ազատության հրապրակում: