Քաղաքագետի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ «Հրապարակ»
ՀասարակությունՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը անցյալ տարվա դեկտեմբերից գտնվում է անազատության մեջ, ամբողջովին փոխհատուցել է տուժողների գումարները, եւ նրանք Վերաքննիչ դատարանում բողոք չեն ներկայացրել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետի կինը՝ Արփին։ Նա հիշեցրեց նաեւ, որ հոկտեմբերի 25-ին լրանում է Սուրեն Սուրենյանցի պատժի կրման ժամկետի 1/3-ը։
Սուրեն Սուրենյանցը գտնվում է «Հրազդան» ՔԿՀ-ում, որտեղ նրա առողջական վիճակը վատացել է խոնավության պատճառով։ Քաղաքագետի կինը, որը 10 օր առաջ է տեսակցել ամուսնուն, ասաց, որ ամուսինը ունի թոքերի եւ տեսողության հետ կապված խնդիրներ։ Սուրեն Սուրենյանցը դեռեւս հունիսի 9-ին ներման դիմում էր գրել Սերժ Սարգսյանին, սակայն առ այսօր պատասխանը չեն ստացել։ «Հույս ունեինք, որ համաներում կլինի եւ իրեն ազատ կարձակեն, սակայն դա էլ չեղավ»,- ասաց Սուրենյանցի կինը։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա կալանքի տակ է գտնվում 2015 թվականի դեկտեմբերի 22-ից: