Ձերբակալություներ Գյումրիում
ՀասարակությունՔննչական կոմիտեն անդրադարձել է ուրբաթ օրը Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպին. ավտովթարին հետեւել էին կրակոցներ։ Երեկվա դրությամբ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, երկու անձ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել։
«Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան եւ 26 Կոմիսարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների եւ հավաքված անձանց միջեւ, որը վերաճել է զենքի գործադրմամբ խուլիգանության»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ՔԿ-ի՝ «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի չկրակված փամփուշտներ, իսկ Շիրակացի փողոցում գտնվող մանկապարտեզի տարածքում՝ ՏՏ տեսակի ատրճանակ, որը, ըստ քննության տվյալների, նշված տարածք է նետել միջադեպի մասնակիցներից մեկը՝ դեպքի վայրից դիմելով փախուստի։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, եւ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Եվս երկու անձ ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով»։