«Մեզ էլ ռադ էրեք, ձեզնով կշտացեք». Գյումրիում թեժ իրավիճակ է
Հասարակություն«Հրապարակ»
Այսօր կեսօրից Գյումրու Վարդանանց հրապարակում բողոքի են դուրս եկել 3 տասնյակից ավել տաքսու վարորդներ: Բանն այն է, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ տրանսպորտի տեսչությունը ստուգումներ է իրականացրել քաղաքում, որի արդյունքում հայտնաբերել են, որ տասնյակից ավելի անհատ տաքսու վարորդներ անօրինական գործունեություն են ծավալում, հարկային դաշտում չեն: Նշված ստուգումներից հետո անհատ տաքսու վարորդների նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` 50 հազար դրամի չափով: Գյումրեցի անհատ տաքսիստներին այս փաստը ոչ միայն վրդովեցրել է, այլև ստիպել է ոտքի կանգնել եւ միաձայն հրաժարվել հարկային դաշտ մտնելու պարտադրանքից:
«Անցյալ տարի էս որոշման դեմ բողոքեցինք, սառեցրին, հըմի նորից մըտերն է ընգել: Ըսեցինք Գյումրին Երևանը չէ, էս քաղաքի վիճակը հեչ հաշվի չեն առնի: Սաղ օրը կկայնեմ 1000դրամ շահս չի էղնի, ես հարկային դաշտ ինչըխ կմտնեմ: Երկու մարդ ենք մնացել, մեզ էլ ռադ էրեք, ձեզնով կշտացեք էլի»,- նեղսրտում էր վարչական տույժի ենթարկված վարորդներից մեկը:
Վարորդների բողոքի ակցիան միայն հրապարակով չսահմանափակվեց: Ավելի ուշ նրանք շարժվեցին մարզպետարանի շենք, որպեսզի իրենց բողոքը լսելի դարձնեն վերադասներին: Սակայն նշենք, որ չնայած վարորդների համառությանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նրանց հանդիպել չհաջողվեց, քանի որ, ինչպես աշխատակիցներն էին նշում, մարզպետը տեղում չէր:
Ինչևէ , անհատ վարորդները ինքնուրույն որոշում կայացրեցին, գործել նախկինի պես, հրաժարվել վարչական տույժից, հարկային դաշտ մտնելուց, ըմբոստանալու են մինչև վերջ: