Սարգսյանը հասկացավ, բայց արդեն ուշ է
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Սերժ Սարգսյանի խոսնակն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը, եւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, նշել է. «Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:
Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայում էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը», ասել է նա:
Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը փաստացի սպառնացել էր ցուցարարներին, մեղադրել ուլտիմատումների մեջ եւ լքել հանդիպումը, որից հետո ձերբակալել են Նիկոլին ու այլ պատգամավորների, ջարդել խաղաղ երթի մասնակիցներին:
Դրանից հետո կոշտ հայտարարություններ են արել Հայաստանում Եվրամիության երկրների դեսպաններն ու Եվրամիության ներկայացուցիչը, պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:
Բացի այդ, դեսպանների հայտարարության մեջ կա էական մի պահ՝ կապված բանակցության հետ. «Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»:
մանրամասն՝ կայքում