«ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ»․ Լուկաշենկոն՝ Սարգսյանի մասին
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում:
Լուկաշենկոն ընդգծել է, որ «ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում»:
«Եթե պետք էր ինչ-որ հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Մենք ինչ-որ ժամանակ այդ ուղղությամբ գնացել ենք, երբ հանեցինք նախագահի ընտրության սահմանափակումները: Եվ պետք չէր նախագահական հանրապետությունը դարձնել խորհրդարանական, իսկ խորհրդարանականը՝ նախագահական: Ահա սա էլ արդյունքը»,-ասել է Բելառուսի նախագահը:
«Ես ներողություն եմ խնդրում, իհարկե դա իմ գործը չէ, բայց քանի որ ես ներգրավված եմ եղել այդ գործընթացում, եւ մենք քննարկել ենք այդ խնդիրը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ ես իմ դիրքորոշումը շատ թափանցիկ ձեւակերպել եմ»,-խոստովանել է նա:
«Պետք է գնալ ժողովրդի մոտ եւ դա անել բաց ու անկեղծ: Ինչու երկիրը ծռել՝ հարմարեցնելով մեկ անձի: Ես հայ ժողովրդին ցանկանում եմ, որ նա առանձնապես չտարվի ստեղված իրավիճակով, որովհետեւ իշխանություն փոխելը հեշտ է: Հետո պետք է արդյունքներ տալ, եւ ժողովուրդը սպասելու է դրան: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր եւ խելացի ժողովուրդը հաղթահարի այս իրավիճակը: Որովհետեւ Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ: Այն գտնվում է մեր ԵՏՄ-ում»,-հավելել է Լուկաշենկոն:
«Մենք պետք է զանգահարենք ու հարցնենք, թե ինչով կարող ենք օգնել իրենց»,-ընդգծել է նա: