«Անձամբ դուրս եմ գալիս փողոց». նախարարը հրաժարական տվեց
ՔաղաքականությունՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: Այս մասին նա այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ֆեյսբուքի իր էջում: Նա նշել է, որ դուրս է գալիս փողոց՝ պայքարի եւ նույն կոչն է անում իր գործընկերներին:
« Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջեւ՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։
Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին եւ անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերեւում ծածանելու ժամանակն է։
Իմ հանրապետական եւ դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին եւ ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարեւոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում եւ խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին։
Հրաչ Ռոստոմյան
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար»,- գրել է նա: