Քանի ձայն է պետք Փաշինյանին՝ վարչապետ դառնալու համար
ՔաղաքականությունՆերկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն եւս չի հեռանում, որեւէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
«Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ եւ մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կուսակցությունից կամ ՀՅԴ-ից պետք է լինի: Ես կարծում եմ՝ կարող ենք ստանալ այդ ձայները»,- ընդգծեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: