«Շուտով կարող ենք տեսնել անակնկալ վերադասավորումներ, որոնք այսօր դեռ անհնարին են թվում»
Քաղաքականություն«ԼՐԱԳՐԻ» զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Պարոն Զոլյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցողը բացառապես Հայաստանի ներքին գործն է ու չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, մյուս կողմից, սակայն, ՀՀ պաշտոնյաները շտապում են Մոսկվա կամ հեռախոսազանգեր ստանում։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ Ռուսաստանին կհաջողվի միջամտել տեղի ունեցող գործընթացներին։
Մինչև վերջերս մենք տեսնում էինք, որ Ռուսաստանը հիմնականում չեզոք դիրք էր գրավում: Այժմ մենք տեսանք, որ ռուսական ԶԼՄ-ներում սկսում են Հայաստանում տեղի ունեցողը դիտարկել իբրև գունավոր հեղափոխություն: Հուսով եմ, որ սա առայժմ զուտ տեղեկատվական քաղաքականության հետ կապված դիրքորոշում է՝ պայմանավորված Ռուսաստանի ներքին քաղաքական խնդիրներով: Չեմ կարծում, որ դա նշանակում է, որ Ռուսաստանը պարտադիր պետք է փորձի ակտիվորեն միջամտել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Այո, ՀՀԿ-ն կարծես իրականացնում է ակտիվ լոբբիստական ջանքեր Մոսկվայում, որպեսզի իր կողմը գրավի Կրեմլին, սակայն առայժմ դժվար է ասել, թե որքանով է այդ գործունեությունն արդյունավետ:
Իհարկե, ՀՀԿ-ն նաև փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ ջանքերը հաջողության են հասել, և Մոսկվան այժմ աջակցում է նրան, բայց որքանով է դա համապատասխանում իրականությանը, այսօր շատ քիչ մարդ գիտի: Կարծում եմ, եթե Փաշինյանը կարողանա ճիշտ մեսիջներ ուղարկել Մոսկվա, Ռուսաստանը կպահպանի չեզոքությունը: Ռուսաստանի կողմից չեզոքության պահպանումն այս իրավիճակում ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին, իսկ իրավիճակին միջամտելը կլիներ լուրջ սխալ: Իհարկե, մենք չենք կարող բացառել, որ Մոսկվան կարող է սխալ որոշում ընդունել, բայց, համենայն դեպս, մենք պետք է փորձենք հնարավորինս լավ բացատրել իրավիճակը: Բացի այդ, համոզված չեմ, որ ՀՀԿ ներսում բոլորը միանշանակ ոգևորված են ամեն գնով իշխանության մնալու և Ռուսաստանից օգնություն ստանալու փորձերով: Այնպես որ, մենք շուտով կարող ենք ականատես դառնալ բավական տարօրինակ վերադասավորումների, որոնք այսօր դեռ անհնարին են թվում:
մանրամասն՝ կայքում