«Նոր վարչապետը կթողնի ՀՀԿ-ի ձեռքերում որոշ լծակներ, ինչը կլինի գրագետ ու տրամաբանական քայլ»
Քաղաքականություն«ԼՐԱԳՐԻ» զրուցակիցն է Էներգետիկ ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը
Կան տեսակետներ, որ շարժման ամենաբարդ փուլը սկսվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո՝ մինչև արտահերթ ընտրություններ։
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի առջև ծառանալու է երկու առանցքային խնդիր՝ կապված իշխանության հաստատման ու ամրապնդման հետ: Նախ՝ շարունակվելու է հակամարտությունը ՀՀԿ-ի հետ, որը մեծամասնություն կազմելով խորհրդարանում՝ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, կարող է վստահություն չհայտնել կառավարությանը կամ հավանություն չտալ կառավարության ծրագրին: Վերջինս ըստ Սահմանադրության հանգեցնում է կառավարության հրաժարականին: Սա լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ադմինիստրատիվ ռեսուրսների մի զգալի մասը, եթե ողջ ամբողջը, պետք է ներդնի Հանրապետականի հետ բանակցային գործընթացը վարելու մեջ: Դրա արդյունքում, կարծում եմ, նոր վարչապետը կթողնի ՀՀԿ-ի ձեռքերում որոշ լծակներ, այդ թվում՝ նախարարական պորտֆելներ, ինչը կլինի գրագետ ու տրամաբանական քայլ, քանի որ ՀՀԿ-ի ապաիշխանացումը շատ վտանգավոր է մեկ փուլով իրականացնել: Սա, ինչ խոսք, դժվարացնելու է կառավարումը և այդ իմաստով, այո, Նիկոլ Փաշինյանը թևակոխում է իր ռազմավարության իրականացման ամենաբարդ փուլը:
Մյուս խնդիրը կապված է ԵԼՔ խմբակցության հետ, որի անդամների մի մասը փաստորեն չմիացավ Փաշինյանին և չեզոք դիրք գրավեց: Շարժման օրերին անգամ ջրի երես դուրս եկան Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի խորքային գաղափարական տարաձայնությունները: Չնայած, պետք է փաստենք, որ հետընտրական շրջանում արդեն իսկ պարզ էր, որ ԵԼՔ-ը ձևավորած քաղաքական ուժերը տարբեր տեսլականներ ունեն իրենց հետագա անելիքների մասին: Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի մյուս առանցքային խնդիրն է լինելու “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության դիրքերի ամրապնդումը: Կուսակցությունն արդեն ունի հսկայական քաղաքական կապիտալ: Պարզապես անհրաժեշտ է այդ կապիտալը բերել ինստիտուցիոնալ դաշտ:
մանրամասն՝ կայքում