Վարչապետի թաքնված մեսիջը կաթողիկոսին
ՀասարակությունShame.am-ը գրում է․
Երկու օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այդ մասին կառավարության պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց. «Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար, և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ ու արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման»,- ասվում էր այնտեղ:
Այս դրվագը շատերի զարմանքը հարուցեց: Բանն այն է, որ իր նշանակումից ավելի քան մեկ ամիս անց էլ վարչապետը հարկ չէր համարել գնալ Էջմիածին ու տեղում ստանալ կաթողիկոսի օրհնությունը: Նախորդ բոլոր վարչապետերի օրոք դա հաստատուն ավանդույթ էր եղել, և Կարեն Կարապետյանը հազիվ թե չիմանար այդ մասին: Ուրեմն պահվածքը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք: Ու հանկարծ Գարեգին Երկրորդն է իր ոտքով Երևան գալիս՝ լրացնելու այդ աններելի բացը:
Թվում է՝ միջադեպը հարթված է: Բայց ոչ: Մայր Աթոռի պաշտոնական կայքը հանդիպման մասին հարկ չի համարում որևէ հաղորդում տալու՝ ցուցադրաբար այդ տեսակցությունը դասելով անկարևորների շարքին: Իսկ սա նշանակում է, որ խնդիրը նոր կնճիռներ է ձեռք բերում և միտում ունի խորանալու:
Կարապետյանի վերաբերմունքը ներկա պահին պիտի մեկնաբանվի ոչ միայն իբրև անհարգալից քայլ: Սրա մեջ թափանցիկ ակնարկ կա այն մասին, որ նա չի ճանաչում հայ եկեղեցու այն առաջնորդին, որն իր նկարագրով չի պատշաճում հոգևոր գահին բազմելու իրավունքին: Կաթողիկոսն էլ իր հերթին լռությամբ պատասխանում է, որ արարքը չի մարսելու, և մոտակա բախումն անխուսափելի է: