Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում անցում են կատարում «սպիտակ» հաշվապահության
ՏնտեսությունՀանրապետական օլիգարխան, որը մայիսի 8-ին սատարեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, նոր Կառավարության ձևավորմանը զուգընթաց նորացնում է իր աշխատելաոճը։
Մասնավորապես, եթե նախկինում Հանրապետական պատգամավորներին պատկանող բիզնեսներն աշխատում էին ստվերում կամ մասնագիտական լեզվով ասած` «սև» հաշվապահությամբ, հիմա արդեն որոշել են հաշվապահության գույնը փոխել։
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հրատապ կարգով անցում են կատարում «սպիտակ» հաշվապահությանը։
Նշենք, որ քաղաքական ակտիվ զարգացումների մեջ արագ կողմնորոշվող Ալեքսանյանին այս հարցում հետևել են նաև ՀՀԿ-ական այլ գործարար պատգամավորներ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ արտոնյալներ չեն լինելու, բիզնես-պաշտոն սերտաճումն էլ բացառելու են։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական գործարար-պատգամավորի սուպերմարկետների ցանցում աշխատելաոճի փոփոխության մասին գրառում էր արել նաև օգտատեր Սամվել Գևորգյանը․
«Այսօր առավոտյան փոքր խանութի սեփականատիրոջից իմացա, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող մատակարար ընկերություններից առավոտյան ապրանք մատակարարելիս ապրանքների հետ ներկայացրել է հարկային հաշիվ:
Տարիներ շարունակ փոքր խանութի սեփականատերը պահանջել է, որ մատակարարվող ապրանքի հետ ներկայացվեն փաստաթղթերը, սակայն որևէ անգամ փաստաթուղթ չի ներկայացվել:
Զարմացած էր, որ առանց պահանջելու, հենց այսօրվանից՝ մատակարարվելու է փաստաթղթով:
Պարզվում է, որ ընդամենը մեկ անձով և մեկ օրում տարիներ շարունակ առկա խնդիրները հնարավոր է կարգավորվել:
Հույսով սպասենք նաև մյուս դրական փոփոխություններին»։