ԱԱԾ տնօրենը խոսել է «կոռուպցիոն շղթաների» բացահայտման մասին
ՔաղաքականությունԱզգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ասել է, որ առաջիկա օրերին հասարակությանը կներկայացվեն բացահայտված «կոռուպցիոն շղթաներ, որոնք ապահովել են մի շարք մարդկանց կարճ ժամանակում անօրինական հարստացումը»:
Այդ մասին Արթուր Վանեցյանն ասել է այսօր՝ մի շարք լրատվամիջոցների ղեկավարների եւ խմբագիրների հետ հանդիպմանը:
«Սակայն դա չի նշանակում, որ լինելու են որեւէ «ռեպրեսիաներ»: Ամեն ինչ լինելու է հրապարակային եւ կասկածի տեղ չի թողնելու», - ընդգծել է ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ բացահայտումների շնորհիվ զգալի գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:
Խոսելով կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար տանելու վարչապետի հանձնարարության մասին, ԱԱԾ տնօրենն ասել է, որ ծառայությունում նախաձեռնել է մի շարք կառուցվածքային փոփոխություններ, որոնք այդ պայքարն ավելի արդյունավետ կդարձնեն:
«Ես վարչապետին հարցրել եմ՝ եթե ԱԱԾ-ն տեղեկություններ ստանա այս կամ այն անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին, արդյո՞ք պետք է իրեն նախապես տեղյակ պահեմ: Վարչապետը պատասխանել է, որ իրեն նախապես զեկուցելու կարիք չկա եւ մենք պետք է անմիջապես դիմենք օրենքով սահմանված միջոցառումների, անգամ եթե խոսքը իր թիմակիցների մասին է», - ասել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը նշել է, որ «աչքերը չի փակելու» եւ «ոչ մի բանի առաջ չի կանգնելու»:
Արթուր Վանեցյանն ասել է նաեւ, որ ԱԱԾ մտադիր է «առանձնացնել» այսպես կոչված քրեական հեղինակություններին, որոնց հետ աշխատանք կտարվի բացառապես իրավական դաշտում:
««Օրենքով գող» հասկացություն իմ համար գոյություն չունի: Որքան էլ ծեծված հնչի, պետք է շեշտեմ, որ որեւէ մեկն իրեն արտոնյալ չպետք է զգա», - ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը: