Ինչպես է անցել «Թանգարանային գիշերը» Երևանում. ֆոտոշարք
ՀասարակությունՄայիսի 19-ին Հայաստանում և Արցախում նշում էին Թանգարանների միջազգային օրը, որը Հայաստանում և Արցախում կրկին նշանավորվեց «Թանգարանների գիշեր» ծրագրով։ Այդ օրը թանգարանները բաց էին և անվճար գործում էին մինչև ուշ գիշեր:
Tert.am Life–ը ներկայացնում է «Թանգարանների գիշերվա» ֆոտոշարքը, որն իրականացրել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում։
Այս միջոցառման հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է` Թանգարանային գիշերը դառնում է մայիսյան երեկոն անցկացնելու լավագույն տարբերակը, մարդիկ թանգարաններ են գալիս ընտանիքների, ընկերների հետ։
27–ամյա Մարիան ասում է, որ տարիներ առաջ էլ մասնակցում էր Թանագարանայի գիշերվան, սակայն հիմա նկատում է, որ շրջապատի հետաքրքրությունն ավելի մեծ է. «Իհարկե, յուրաքանաչյուր օր էլ կարող ենք գալ թանգարան։ Գրեթե ամեն օր անցնում ենք թանգարանների կողքով ու չենք մտնում, սակայն այսօր բոլորովին այլ մթնոլորտ է։ Հարցը միայն այն չէ, որ այսօր թանգարանների մուտքն անվճար է։ Բոլորս համախբվում ենք մի միջոցառման շուրջ, ինչը հետաքրքրացնում թանգարան գալը»։
19–ամյա Անահիտը սովորում է ԵՊՀ–ում, ասում է` կարծրատիպ է, որ մարդիկ չեն սիրում թանգարաններ կամ մշակութային միջոցառումների գնալ. «Նման միջոցառումները ցույց են տալիս, որ մարդիկ հետաքրքրված են մշակույթով, պարզապես, պետք է հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։ Թանգարանային գիշերը մեր ամենագեղեցիկ մշակութային միջոցառումներց մեկն է։ Հուսով եմ` այսպիսի ծրագրերը Հայաստանում կշատանան»։
«Թանգարանների գիշեր» ծրագրին այս տարի Հայաստանում և Արցախում միացել է 116 թանգարան: Թանգարանների մեծ մասում հերթեր էին։ Ընդ որում` թանգարանների հանդեպ հետաքրքրություն էին դրսևորում ոչ միայն հայերը, այլև օտարերկրացի զբոսաշրջիկները, որոնք այս փուլում բավականին շատ են Հայաստանում։



























