«Դե անում ենք էլի». Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով
ՏնտեսությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով:
Մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մոտ լրագրողների դիտարկմանը, թե փոխվարչապետ Տրգրան Ավինյանը հայտարարել է, որ բիզնեսն ու քաղաքականությունն այսուհետ պետք է հստակ տարաջատվեն, ինքն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Դե անում ենք էլի»:
Իսկ ճշտող հարցին, թե հիմա արդեն միայն բիզնեսո՞վ է զբաղվելու, Ալեքսանյանը կարճ պատասխանեց. «Այո, այո»:
Մեր հարցին, թե արդյոք վայր է դնելու պատգամավորական մանդատը, Սամվել Ալեքսանյանը չպաասխանեց, ասաց՝ գնացինք:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այսօր տոն է:
Հիշեցնենք, որ գործարար պատգամավորը երկար ժամանակ պնդում էր, որ ինքը քաղաքականության մեջ է, բիզնես չունի, իսկ բիզնեսով իր կինն է զբաղվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ապարանում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր. «Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»:
Նշենք, որ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանի հետ զրուցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: