Վովայի Արշակը ձերբակալվա՞ծ է
Հասարակություն
Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է եւ պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մամուլի խոսնակը ոչ քաղաքային եւ ոչ էլ բջջային հեռախոսին չէր պատասխանում: Անպատասխան մնաց նաեւ գրավոր ուղարկված մեր հարցումը: Հիշեցնենք, նախօրեին ոստիկանությունից «ՀԺ»-ին պատասխանել էին, թե Արշակ Հակոբյանի ձերբակալության մասին լուրերն անհեթեթություն են: Ընդ որում, պատասխանել էին ոչ անմիջապես, այլ ժամանակ էին խնդրել` տեղեկությունը ճշտելու համար:
Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով: Երեկ զանգահարել ենք նաեւ անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով: Նրա հեռախոսը, սակայն, եւս լռում էր: Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է: Այս լուրը, իհարկե, հաստատված համարել չենք կարող, բայց հերքելու երեկվա մեր բոլոր փորձերը ձախողվեցին: