Հռոմի պապը եկեղեցու այլասերությունները ջրի երես հանող առաջին քահանայապետն է
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է պատմության մեջ առաջին քահանայապետը, որը հրապարակայնորեն դատապարտել է Կաթոլիկ եկեղեցում սեռական բռնությունների ու դրանք կոծկելու «մշակույթը», հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Պապի այս քայլին նախորդել էր Չիլիում կաթոլիկ հոգևորականների կողմից իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալային բացահայտումը:
Հռոմի պապի խոսքով՝ ինքն ամաչում է, որ ո՛չ ինքը, ո՛չ Չիլիում եկեղեցու այլ առաջնորդներ երբևէ լրջորեն ականջ չեն դրել բռնության զոհերի ասածներին:
Հայտնի է, որ Հռոմի պապն այս մասին գրել է չիլիացի հավատացյալներին ուղղված 8 էջանոց ուղերձում: Դրանում քահանայապետը շնորհակալություն է հայտնել սեռական բռնության զոհերին՝ բռնության մասին բարձրաձայնելու ու արդարության հասնելու հարցում ցուցաբերած քաջության և համառության համար:
«Բայց, միևնույն ժամանակ, ես ամոթով պետք է նշեմ, որ մենք չգիտեինք՝ ինչպես լսել կամ ճիշտ ժամանակին արձագանքել տուժածներին»,-նկատել է Հռոմի պապը:
Նա ընդգծել է, որ սեռական ոտնձգություն իրագործելու ու այն կոծկելու պրակտիկան թույլ է տալիս, որ դա անընդհատ շարունակվի:
Հայտնի է, որ նախկինում ոչ մի Պապ հրապարակայնորեն չի խոսել այս մասին: Սովորաբար, Վատիկանը նախընտրել է այս հարցերը «լուծել» ներքին կարգով՝ մանկապիղծ հոգևորականներին տեղափոխելով ծառայության մեկ այլ վայր:
Դա արվել է Կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը բարձր պահելու, այն չպատվազրկելու համար: Բացի այդ, մեծ է հարցի ֆինանսական կողմը. մանկապիղծների գործողություններից տուժածների թիվը շատ մեծ է, ու բնական է, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարների փոխհատուցում կպահանջեն Եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Չիլիի Ռանկագուա քաղաքում միանգամից 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից՝ սեռական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավվածության կասկածանքով: Նշվում է, որ խոսքը երիտասարդների և երեխաների հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին է, որոնց մասին ավելի վաղ հայտնել է ծխականներից մեկը:
Ավելի վաղ Չիլիի բոլոր 34 եպիսկոպոսները, որոնք մայիսի 15-17-ը Վատիկանում մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումներին, հրաժարականի դիմում են ներկայացրել, ինչի պատճառը մանկապղծության համար մեղադրված երկրի հոգևորականների շուրջ ծագած սկանդալն է: