Լավ նորություն վարկային տույժեր ու տուգանքներ ունեցողների համար
ՏնտեսությունԿառավարությունն այսօրվա արտահերթ նիստում կհաստատի Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայում ունեն կուտակված հարկային պարտավորություններ: