18-ամյա բելգիուհին դարձել է «Միսս Մունդիալ 2018»․ լուսանկարներ
ԱշխարհԶվարճանքների գերմանական հայտնի «Եվրոպա–պարկ» պուրակում տեղի է ունեցել Միսս Մունդիալ մրցույթը՝ նվիրված 2018-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին։
Բոլոր 32 երկրների 18-33 տարեկան մասնակիցները սկզբում անցել են երկրների դրոշ–շապիկներով, իսկ հետո՝ լողազգեստերով և երեկոյան զգեստերով։ Մասնակիցները պետք է ծնված լինեին այն երկրում, որը ներկայացնում էին, կամ ունենային տվյալ երկրի քաղաքացիություն։
Միսս Մունդիալ մրցույթն անց է կացվում 2006 թվականից՝ ամեն չորս տարին մեկ, աշխարհի առաջնությունների նախաշեմին, իսկ 2011-ին նվիրված է եղել կանանց Աշխարհի առաջնությանը։
Մրցույթի հաղթողն է դարձել բելգիացի ուսանողուհի Զոե Բրունետը։ Երկրորդ տեղը բաժին է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Անահիտ Ռեհեյնին, որը ներկայիս գործող Միսս Գերմանիան է, իսկ երրորդը՝ Ամանդա Պետրիին՝ Դանիայից։ Հաղթողը բացի կոչումից նաև 3500 եվրոյի չափով մրցանակ է ստացել։