«Սեյրան ջան, դու՝ կռված մարդ, գեներալ մարդ, հիմա էլ չգիտե՞ս՝ ովքեր են թալանել»․ Արամ Մանուկյան
Քաղաքականություն
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: