Փաշինյանը մեկնաբանել է իր աղմկահարույց գրառումը
ՔաղաքականությունԿարծում եմ՝ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների աշխատանքին վերաբերող ֆեյսբուքյան իր վերջին գրառմանը:
«Կարծում եմ՝ բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների նկատմամբ։
«Ես հասկանում եմ, որ նախկինում տեքստերը, ամեն ինչ ասվել է համապատասխան մարմինների կողմից՝ ինչ ասեն, ինչպես ասեն: Ես ընդամենն ասում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չկա, և դա ի չարս չօգտագործվի։ Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել, որովհետև կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում եմ թիրախավորել։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում և խնդրանք, կոչ եմ հնչեցնում՝ այդպես չանել»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր արել Facebook-ում. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:
Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։