Քրեական հեղինակությունից կաշառք վերցրած քննիչ Շուշանյանը կրկին կկալանավորվի
ՀասարակությունՔրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով մի քանի շաբաթ առաջ գրավով ազատ արձակված Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է դատախազի ու Ալավերդի քաղաքի բնակիչ, սպանված Կամո Փիրուզյանի ներկայացուցիչների բողոքը՝ բեկանելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից կայացված որոշումը: Այդ որոշմամբ՝ գրավի կիրառումը թույլատրելի էր ճանաչվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի, եւ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի։
Այս մասին մեր զրուցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը: Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ինչպես տեղեկացրել ենք, ՔԿ պաշտոնյան Ալավերդցի Վահագնից կաշառքը ստացել է Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով, պատժվում է 12-20 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում):