Հայերեն


Մոնթեի կինը՝ հրամանատարի զոհվելու ու Մանվելի արարքների մասին

Հասարակություն

Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարին: Տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Մոնթեի ամբողջ ընտանիքը՝ քույրերը եւ եղբայրները, կինը՝ Սեդան, հարազատները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեդան խոսեց Մոնթեի երազած պետությունից, Հայաստանի թավշյա հեղափոխությունից, եւ իհարկե, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանը ցնցած գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններին:

- Տիկին Սեդա, օրերս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցն էր: Այս առի՞թն է Ձեզ Հայաստան բերել:

- Անշուշտ: Մոնթեի մահվան 25-ամյակն էր, ես ուզեցի անպայման այստեղ լինել, իմ ընտանիքի անդամներին էլ ասացի, որ իմ ցանկությունն է՝ բոլորս միասին գանք: Վերջապես առաջին անգամն եղավ, որ մեր ընտանիքի բոլոր անդամները կարողացան գալ, Մոնթեի մեծ քույրը, Մոնթեի եղբայրը եւ իր երեք աղջիկները, կինը դժբախտաբար շատ զբաղված էր եւ չկարողացավ գալ, Մոնթեի փոքր քույրն ու իր ամուսինը եկան՝ իրենց երեք զավակներով, եւ իհարկե իմ ընտանիքը: Այնպես որ մեր ամբողջն ընտանիքն այստեղ էր: Քույրերս էլ եկան Լիբանանից ու Ամերիկայից: Լավ հավաք էր, այսպես ասած: Գրեթե նման էր Մոնթեի ու իմ հարսանիքի հավաքին (ժպտում է):

- Իսկ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում մնալ:

- Հայաստանում կմնամ մինչեւ հունիսի 28-ը: Իմ ընտանիքի անդամների մի մասն արդեն մեկնել է, մյուսները մեկնելու են քսանմեկին: Դժբախտաբար, գոնե ինձ համար այս ժամանակը շատ կարճ է, բայց որոշ գործեր կան, որոնց պատճառով իմ կամքից անկախ պետք է վերադառնամ:

- Տիկին Սեդա, Հայաստանում հեղափոխություն եղավ, իրավիճակ է փոխվել, նոր կառավարություն, եւ այլն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:

- Շատ լավ: Գիտեք, ես միշտ, մի՛շտ հավատացել եմ, որ պետք է ժողովրդի ուզածը լինի: Ամեն երկրում, եթե ժողովուրդը կանգնում է, եւ ինքն է թելադրում, թե ինչպես է ուզում իր երկիրը լինի, ես միշտ դրա կողմն եմ: Ու Մոնթեն էլ այդպես է գործել: 1988-ին, երբ Արցախյան շարժումը նոր էր սկսվել, ես այստեղ սովորում էի եւ Օպերայի հրապարակից օրագրության նման գրում էի ամեն ինչ եւ ուղարկում էի Մոնթեին բանտ: Ինքն այն ժամանակ բանտում էր, Ֆրանսիայում: Ինքը շատ երկար նամակներ է ինձ գրել, շատ ուրախ եմ, որ դրանք պահպանվել են: Այդ նամակներում Մոնթեն անընդհատ կրկնում էր, որ հիացած է, թե ինչպես այս ժողովուրդը միասնական կերպով որոշեց իր ճակատագիրը իր ձեռքը առնել: Դա շատ կարեւոր բան է, իսկապես: Ու հետո, ընդհանրպես, այլ երկրներում էլ, ես չեմ ընդունում այն, որ ասում են՝ ղեկավարն այսինչ բանն է արել, այնինչ բանն է արել, ու վախենում են, որ ժողովուրդը իմանա: Հետո, երբ ասենք այստեղի պես հրաշալի մարդ է գալիս եւ բարձրաձայնում է խնդիրների մասին, բոլորը սկսում են իրեն մեղադրել: Այնինչ իրենք պետք է հենց սկզբից չանեին այն բաները, որ հետո չանհանգստանային, թե ժողովուրդը կիմանար: Ոչ մի ղեկավարություն, իմ կարծիքով, չպետք է ունենա այնպիսի գաղտնիքներ, որ վախենա ժողովրդի իմանալուց: Պետք է ամեն ինչ այնպես լինի, որ ինքը՝ ղեկավարը, կարողանա բացատրել: Անգամ եթե կատարվելու ժամանակ ժողովուրդը չգիտի, լավ ղեկավարը հետո պետք է հանգիստ զգա, որ մարդկանց բացատրի, որ այսինչ բանը ես արեցի այս, այս եւ այս պատճառներով, եւ վախենալու ոչինչ չունենա:

- Հայաստանի անցած ղեկավարների օրոք գուցե մտքեր եք ունեցել, որոնք չեք ուզել արտահայտել, գուցե անիմաստ եք համարել: Հիմա, այս փոփոխություններից հետո, ի՞նչ ասելիք ունեք, որ տարիների ընթացքում պահել էիք Ձեր մեջ:

- Ճիշտն ասած, ես կրակմարից, այսինքն 1994 թվականի մայիսից հետո, երբ խաղաղության դաշնագիր կնքվեց եւ արդեն իսկ ղեկավարության մեջ փոփոխություններ եղան, շատ արագ, երեւի մի երկու տարի էլ չտեւեց, որպեսզի ես սկսեմ ինչ-որ հեռավորություն պահել: Որովհետեւ ես չեմ սիրում լինել իմ սկզբունքներին չհամապատասխանող տեղերում: Օրինակ, երբ ինձ ճոխ հարսանիքների էին հրավիրում, ես քաղաքավարի մերժում էի, կամ մի բան գտնում էի ու ասում, որ ես չեմ ուզում առնչվել որեւէ բանի հետ, որին ես չեմ հավատում կամ զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Այդ պատճառով էլ երեւի այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որ ես ինչ-որ ընդհարման կամ առճակատման գնամ: Ուղղակի հեռավորություն եմ պահում ու սկսում դիտել, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Ճիշտն ասած, այս ընթացքում շատ բաներ են եղել, որ ինձ հիասթափեցրել են, եւ ոչ միայն ինձ: Եթե իմ ժողովրդին են հիասթափեցնում, ես էլ եմ հիասթափվում: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եղել մութ եւ ցուրտ տարիներին: Ինձ համար իսկապես շատ դժվար էր տեսնել, թե ինչպես է իմ ժողովուրդը տառապում, եւ այդ կերպ մնում, մնում, մնում… Իհարկե, չեմ ուզում շտապել, եւ իշխանափոխությունից հետո ես ի՛նձ համար, ոչ թե իրենց, այլ ինձ համար ուզում եմ ժամանակ տալ, որ տեսնեմ դեպի ուր ենք գնում: Եւ շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ դեպի ճիշտ ճանապարհը կգնա, ու լավ կլինի: Այնպիսի սխալներ են եղել, հենց սկզբից, որ հետ դառնալն, իմ կարծիքով, հսկայական աշխատանք է, չափազանց բարդ: Ինձ համար խնդիրները սկսել են Հայաստանի սեփականաշնորհումից: Նոր չէ, նախորդ երկու իշխանություններից չէ, այլ հենց սկզբից: Ես չէի ուզի տեսնել, որ Հայաստանն այդ ուղղությամբ է գնում: Ոչ էլ Մոնթեն: Բայց ես շատ կուզեի, որ այն բաներին, որ մենք հավատում ենք, հավասարություն, հավասար իրավունքներ, վերջապես լինեն, արտոնություններ, մոնոպոլիաներ չլինեն նույնիսկ մանր հարցերում: Օրինակ, ինձ շատ նյարդայնացնում էր, որ մարդիկ կարմիր լույսի տակով անցնում էին, որովհետեւ եսիմ ինչ գույնի մեքենա ունեին. բայց դու ո՞վ ես, չէ՞: Դու պիտի օրինակ ծառայես, որ ժողովուրդը քեզ հետեւի: Եւ ես շատ ուրախ եմ, որ Մոնթեն հենց այդպիսին է եղել: Ինքը միշտ օրինակ էր ծառայում: Լավ հիշում եմ, կարծես 1995-ին էր, հաճախ այցելում էի Արցախ, մի երեխա գրել էր Մոնթեի մասին, նկարագրում էր նրան, ու գրել էր՝ «Մոնթեն երբեք չի ասում՝ առաջ, այլ միշտ ասում է՝ իմ հետեւից»: Դա ահագին բան էր ասում Մոնթեի մասին: Այնպես որ, Հայաստանում կուզեմ տեսնել խաղաղ, հանգիստ եւ հավասար ապրող մարդկանց: Եւ իհարկե կուզեմ, որ կանայք ավելի որոշիչ դեր ունենան կառավարության մեջ:

- Դուք ասացիք, որ իշխանություն ունեցողներն այնպիսին պիտի լինեն, որ հետո չվախենան, թե ժողովուրդն իրենց արածները կիմանա: Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա: Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր:

- Բնավ զարմացած չեմ: Երանի շատ զարմացած լինեի, եւ նման բան չլիներ: Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին: 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ: Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից: Ես անշուշտ գիտեի, որ նա պիտի գնա, եւ երբեւէ չէի ասել՝ մի գնա: Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ: Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում: Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է: Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում: Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա: Ըսավ՝ կա՜, մեկը կա: Ըսի՝ ո՞վ: Ըսավ՝ Հադրութի Մանվելը: Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է: Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է): Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի: Հետո լսածներս տխուր բաներ էին: Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել: Սակայն դրական բան չէի լսել: Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին: Այս իմաստով ես զարմացած չէի: Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին: Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր: Այս ամենը վերջապես պիտի դուրս գար:

- Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից:

- Անշուշտ: Անշուշտ կպահանջեմ: Եւ ոչ միայն Արցախինից: Այո, շնորհակալ ենք այդ մեդալների համար, որ գնահատում են, բայց այնքան անարդարացի են դրանք բաժանված:

- Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի եւ հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ:

- Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եւ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետեւ փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարեւոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, եւ ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան:

- Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը:

- Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, եւ այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին:

- Տիկին Սեդա, Մոնթեին լավ ճանաչելով՝ ասեք խնդրում եմ՝ եթե նա ողջ լիներ, ի՞նչ կասեր ներկա Հայաստանի մասին եւ ու՞ր կլիներ:

- Երբ ինձ սա հարցնում են, ես մինչեւ մի քանի տարի առաջ ասում էի, որ Մոնթեն սպանված կլիներ էլի: Ինքը չափազանց սկզբունքային, անկաշառ մարդ էր: Եվ չկար բան, որ իրեն տկարացներ այդ իմաստով: Ինքը Հայաստանում շատ-շատ բաների դեմ պիտի պայքարեր, եւ այդ պայքարը շատերին դուր չէր գալու: Մոնթեն միշտ երազում էր այնպիսի Հայաստան, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են: Անկախ իրենց դրամական, ազգային, սեռային պատկանելությունից: Մոնթեի գերագույն նպատակը հայ ժողովրդի իրավունքները վերականգնելն էր:

- Հուսանք, որ Մոնթեի երազած պետությունը կունենանք:

- Ես էլ եմ շատ հույս տածում այդ ուղղությամբ: Մոնթեն միմիայն ուրախ կլիներ, որ մարդիկ արժանավոր կյանքով ապրեն, ուսանողները, արվեստագետները, բանվորները, բանտարկյալները…բոլորը: Մոնթեն ասում էր՝ Սեդա, երբ մենք ծերանանք, թոշակի անցնենք, պիտի բանտի մասին գիրք գրեմ: Դա իր երազանքներից մեկն էր: Ես իսկապես շատ հույս ունեմ, որ նման Հայաստան ենք ստեղծելու:

Լուսանկարում՝ Մոնթեի քույրը՝ Մայլէ Մելքոնյանը, եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, կինը՝ Սեդա Մելքոնյանը եւ ընկերը՝ Ճոէլ Քանտնը

Մեր զրույցի վերջում Սեդա Մելքոնյանը մի պատմություն է հիշում.

«Մի անգամ, երբ Հայաստան եկա, մի մարդու տեսա, Մարգարին փսփսացի՝ այդ մարդու աչքերի արտահայությունն է փոխվել, ես նրան չեմ հիշում: Այդ մարդը նույն մարդն էր, բայց նրա դեմքը հեռացել էր այն մարդուց, որին ես էի ճանաչում տարիներ առաջ: Դա դժվար է, գիտե՞ք: Ամեն անգամ, երբ մարդը փորձության չի դիմանում, տրվում է ինչքին, դու մի քիչ կորցնում ես իրեն, հետո մի քիչ ավելի շատ ես կորցնում, երբ տեսնում ես սարսափելի բաներ է անում, եւ այլն, եւ այլն: Նման մարդիկ եղել են, որ արցախյան այդ դաժան օրերին ես իրենց որպես լավ մարդ եմ տեսել, բայց երեւի փորձության չդիմացան… Իսկ Մոնթեն կարհամարհեր ամեն տեսակ դժվարություն, իր հոգը չէր: Դա շատ կարեւոր է, երբ մարդը արհամարհում է ինչքը: Ես միշտ կրկնում եմ, իմ ամենաերջանիկ օրերը եղել են, երբ ես ու Մոնթեն ուտելու հաց չունեինք, ոչ մի իր չունեինք, ամեն մեկս ունեինք մի պայուսակ՝ չորս եղանակների մեր շորերով, եւ մենք երջանիկ էինք: Երջանկությունը մարդու ներսից է գալիս, եւ ոչ սիրուն մեքենաներից ու ադամանդներից…»,-ասում է Մոնթեի կինը՝ Սեդան, ու շտապում Եռաբլուր:

 
Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առևտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր Ավետիսյան«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին «ՀայաՔվե»-ն ունի քաղաքական հայտ ներկայացնելու բավարար ներուժ․ Մենուա ՍողոմոնյանՔԿ-ի պատասխանից ակնհայտ է, որ իմ դիմում-հարցումը մերժել են. Արամ Վարդևանյան Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ կոտրելու ռուսամետ-արևմտամետ կեղծ երկընտրանքը. Չալաբյան 2030-ին աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կլինի «մաքուր» Անհրաժեշտ է կառուցել հայկական ազգային արժեքների վրա հիմնված կրթական համակարգ․ Ատոմ ՄխիթարյանՈչ ոք չի լռեցնի մեր ձայնը, ոչ ոք չի լռեցնի Սամվել Կարապետյանի ձայնը «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը․ փաստաբան Այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ Փետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԹվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Ամենադիտված