«Պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա այս հասարակության մեջ»․ Վանո Սիրադեղյան
ՀասարակությունՊետք է, որ մարդկային հարաբերություններում, թե հայրենիքի ընկալման մեջ, գուցե հայ ընտանիքի ներսում ինչ֊որ բեկում մտնի, արժեքների այս համակարգին սթափության մի կայծակ զարկի, որից հետո ուշքի եկած մարդն այլևս անընդունակ կլինի բարբառելու, թե՝ հանուն հայրենիքի պատրաստ է ծառայել անգամ սատանային։
Կարեւորը այստեղ այն չէ, թե ով է սա ասում։ Մտքի ահավորությունը նրանում չէ անգամ, որ այդպես մտածում են։ Նույնիսկ էական էլ չէ՝ անգիտանում են միտումնավո՞ր, թե՞ իրոք չեն հասկանում, որ դժվարը մեկ անգամ սատանային ծառայելն է, դրանից հետո կծառայես ընդմիշտ ու նաեւ՝ հայրենիքի դեմ։ Ահավորը այն չէ, որ հայերը ընդունակ են այդպես մտածելու․ դա կարելի է բացատրել հազար մաղի հաց կերած գաղթական լինելու հանգամանքով։ Այլ այն, որ ապահովաբար համարձակվում են բարձրաձայն արտահայտվել, որովհետեւ պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա այս հասարակության մեջ։ Հասարակության մեջ ու ընտանիքում տաբու չկա Հայրենիք եւ Սատանա բառերը իրար կողք դնելու։
Քրիստոնեությունը առաջինը ընդունելով եւ շուտով զրկվելով պետականությունից, Աստվածաշունչը պիտի որ դառնար մեր անկառավարելի մնացած ժողովրդի Սահմանադրությունը։ Աստվածաշունչը, սակայն, այդ կիրառական գլխավոր նշանակությամբ փակ ու համր մնաց հայ ժողովրդի համար։
Մարդկության հազարամյակների կուտակած փորձը, խոսքն ու խրատը մեր կողքով անցան, եւ մեր ժողովրդի քիմքին առավ միայն իմաստուն գրքի դիցաբանական համը՝ մարդկության մանկության շրջանի բնազդային ընկալումներով։
Չիմացությունը մարդուն ժամանակից դուրս է դնում։ Դա էլ իր քաղցրությունն ունի, բայց դա տեսիլքների աշխարհն է․ օգտակար երեխաներին ու բանաստեղծներին, եւ հատուկ՝ սալդաֆոններին։
Վանո Սիրադեղյան