Վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
ՀասարակությունՎարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող տեսանյութին:
«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։
Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-գրել է նա:
Նշենք, որ այսօր առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որեւէ մեկը մուտք գործի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:
Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որից հետո սոցիալական ցանցերում կոչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ էլ համացանցում բողոքում են, որ վրդովված են, քանի որ չեն կարողանում գնալ աշխատանքի։