Դիզենտերիայի օջախ է հայտնաբերվել. վարակված երեխաներ կան
ՀասարակությունԱմռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն, ինչը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, այս մասին տեղեկանում ենք ԱՆ տարածած մամուլի հաղորդագրությունից:
Վերջին օրերին Երեւանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգատներով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ:
Վարակի աղբյուրի, ինչպես նաեւ պատճառահետեւանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն), ինչպես նաեւ կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները:
Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի եւ հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Շեշտենք, որ մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները:
Պետական վերահսկողության շրջանակներում միջոցառումները շարունակվում են: