Ի՞նչ է հայտնաբերվել Պուտինի օգնականի նամակներում
Աշխարհ«Ուկրաինացի ցանցահենների մի խումբ պնդում է, որ հայթայթել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան օգնականներից մեկի՝ Վլադիսլավ Սուրկովի էլեկտրոնային նամակները, որոնցում մանրամասն շարադրված է Կրեմլի՝ մոտակա ամիսներին Ուկրաինայի ապակայունացման պլանը»,- հաղորդում է Foreign Policy լրագրող Ռեիդ Սթենդիշը:
«ՔիբերԽունտա» խումբը, որը կանգնած է ենթադրյալ հաքերային հարձակման ետևում, հրապարակել է Սուրկովի էլեկտրոնային նամակագրությունը, Սուրկովի և նրա բարեկամների անձնագրերի պատճեններն, ինչպես նաև 22 փաստաթուղթ, որոնցում շարադրված է ազգայնական և անջատական քաղաքական գործիչների աջակցության, ինչպես նաև Ուկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ խթանելու պլանը: Այդ ամենը պլանավորվում է անել ուկրաինական կառավարության թուլացման նպատակով»,- գրում է պարբերականը:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկն ասել է, որ ծառայության փորձագետները հաստատել են այդ փաստաթղթերի իսկությունը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հերքել է, որ Սուրկովը կապված է Ուկրաինայի դեմ որևէ դավադրության հետ և ասել է, որ հաքերների կողմից հրապարակված փաստաթղթերը կեղծ են: