Թանկարժեք սևամիս հավեր
ՏնտեսությունՍև փետրավորում ունեցող հավեր շատ կան, բայց քչերին է հայտնի, որ գոյություն ունեն նաև հավեր, որոնց մաշկը, ներքին օրգաններն ու ոսկրերը սև են, թեև փետրավորումը հիմնականում սպիտակ է: Այս հավերը «չինական մետաքսավուն հավեր» անունն ունեն։ Դրանք շատ փափուկ ու նուրբ փետուրներ, կապտավուն մաշկ ու մուգ միս ունեն։ Չինաստանում այս հավերին բուծում են հիմնականում դեկորատիվ նպատակներով։ Սև հավերի միսն արևելյան երկրներում ոչ բոլորին է հասանելի ու շատ թանկ արժե։
Հավերի այս ցեղատեսակը հայտնի է եղել դեռևս 7-րդ դարում, և տարածված կարծիք է եղել, թե այս հավերի միսը շատ նպաստավոր է արյան, թոքերի, ստամոքսի համար։ Արագ կազդուրվելու համար կանայք ծննդաբերությունից հետո սև հավի միս են կերել։
2011թ. գիտնականները բացահայտել են, որ այս հավերի օրգանների սև երանգը գունային պիգմենտացիայի համար պատասխանատու էնդոթելին-3 գենի մուտացիայի հետևանք է։