Որքան ժամանակ ջուր չի լինի․ պարզաբանում
Բաց մի թողեքԵրևանի մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման ժամանակ առ ժամանակ դադարեցումները, որոնք պայմանավորված են «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետ, մինչ շաբաթվա վերջ կկարգավորվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը կարճաժամկետ է և շուտով կստանա իր լուծումը: «Ընդունեք, որ համակարգն ավելի քան 100 տարեկան է, և չի կարող վթարներ չունենալ: Այս վթարը մեծ մասշտաբի խողովակի վրա է տեղի ունեցել, որը մեծ մասշտաբի ջրաքանակ է տեղափոխում: «Արարատյան» պոմակայանն ի սկզբանե նախատեսված է եղել Երևան քաղաքի մեծ մասը սպասարկելու համար, բայց տարիների ընթացքում ջուր ենք տնտեսել և հիմա այն աշխատում է պահեստային ռեժիմով: Ջրաքանակի պահանջի դեպքում մենք այն միացնում ենք»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում պոմպերը և ջրատար համակարգը պետք է փոխարինվեն: «Կկառուցվի 5 կիլոմետր մայր ջրատար, տեղադրվելու են երկու նոր ագրեգատներ ժամանակից պաշտպանիչ համակարգերով»,-ընդգծեց ընկերության գործառնական տնօրենը: