«Բորշի հոտով գեղացիներ». ինչպես է թանգարանի տնօրենը վիրավորել աշխատակիցներին
ՀասարակությունՍարդարապատի հուշահամալիր–թանգարանի նախկին աշխատակիցներն երեկ՝ հուլիսի 7-ին, բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ տնօրեն Կարեն Արիստակեսյանի։ Նրանք համարում են, որ աշխատանքից ազատվել են անհիմն եւ պահանջում են վերանայել ազատման հրամանները։
Նախկին աշխատակից Հրաչյա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թանգարանի տնօրենը ներգրավված է կոռուպցիայի մեջ։ Գորգերի վերամշակման մասնագետ Լենա Գասպարյանն էլ նշել, որ իրեն եւ իր գործընկերոջն ազատելուց հետո թանգարանը զրկվել է մասնագետներից, ինչը լուրջ խնդիր է։ Նախկին աշխատակից Էլիտա Ղազարյանն էլ դժգոհել է, որ տնօրեն Կարեն Արիստակեսյանը աշխատակիցներին վիրավորել է՝ անվանելով «բորշչի հոտով գեղացիներ»։
Բողոքի ակցիայի մասնակիցներին փակ դարպասների հետեւից արձագանքել է տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանը։ Վերջինս առաջարկել է, որ մեկ–երկու հոգի ներս գնան եւ քաղաքավարի հայտնեն բողոքը, սակայն միաժամանակ պնդել, որ նրանք աշխատանքից հեռացել են օրենքով սահմանված կարգով։ Վերջինս նշել է, որ տնօրենը թանգարանում չէ եւ չի կարող ընդունել նախկին աշխատակիցներին։