ՊՆ նախարարի վերջին հույսը․ Shame.am
ՔաղաքականությունShame.am-ը գրում է
Այսօր Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել փակ հանդիպում, որին մասնակցել է պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: Հասկանալի է, որ փակ քննարկումն իր հետ բերում է նաև ինֆորմացիայի պակաս, և դժվար է հստակ ասել, թե ինչն էր նախարարին խորհրդարան բերել: Փոխարենը կարելի է անսխալ նշել, թե ում հետ էր Վիգեն Սարգսյանը քննության առնում իրեն հուզող գերգաղտնի հարցերը: Նրա հետ փակ դռների ետևում էին գեներալներ Սեյրան Սարոյանն, Մանվել Գրիգորյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) և էլի մեկ-երկուսը՝ նույն որակից:
Սեյրան Օհանյանի պաշտոնաթողությունից հետո հասարակության մի հատված հույսեր էր փայփայում, թե նախագահականից եկած նոր նախարարի առաջին ու կարևոր անելիքներից մեկը պիտի լինի բանակն ու համակարգը հեռու պահել այնպիսի անձանց միջամտությունից, ովքեր ստվերում են զինված ուժերը: Կարծիք կար, թե Վիգեն Սարգսյանը ամուր պատնեշ կշինի առանձին խմբապետերի, համազգեստավոր քրեական էլեմենտների ու ֆիդայական հովերով տառապող «գրոհայինների» առաջ՝ բանակը պաշտպանելով սրանց վնասակար ներթափանցումներից: Բայց սպասելիքները կարծես չեն արդարանում:
Այսօրվա հանդիպման մասին գրում են, որ քննարկմանը ներկա գտնվողները աչքի են ընկել յուրօրինակ պահվածքով. նրանք հանդիպման ողջ ընթացքում չեն թաքցրել իրենց քծնանքը նորանշանակ նախարարի նկատմամբ: Իսկ քծնանքն այնպիսի բան է, որ ծիլեր է տալիս, եթե դրա համար կա բարենպաստ հող: Նշանակում է, Վիգեն Սարգսյանը ևս պատրաստվում է իրեն շրջապատել հին դեմքերով: Կամ գուցե փոխարինողնե՞ր չունի: