Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել
ԱշխարհՀունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել: Հունաստանում Հայաստանի դեսպանատունը Հունաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար տեղեկացնում է, որ, ըստ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալների, հուլիսի 25-ի 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի մի քանի տարածքներում, մասնավորապես՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Զեմենո Կիատո, Կորիթոս, Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե, Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան:
Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը անցել է 70-ից: Տուժել է 150-ից ավելի մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար: