Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում բոլորին խոհեմություն ցուցաբերել ստեղծված ներքաղաքական իրավիճակում
ՔաղաքականությունԱզգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում բոլորին խոհեմություն ցուցաբերել ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար: Ֆելիքս Ցոլակյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից: Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը: Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից: Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել: Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: