Կադրային որոշումները կայացվել են քաղաքական իրադարձությունների բերումով. Վարչապետը շնորհակալություն հայտնեց պաշտոններից ազատված նախարարներին
ՔաղաքականությունԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կառավարության՝ պաշտոններից ազատված «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող անդամներին համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Գիտեք, թե ինչի հետ է դա կապված: Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին հաջողություններ մաղթել և իմ լավագույն մաղթանքները հղել նրանց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է մարզպետներին, որոնց վերաբերյալ հանրայնորեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: