Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է միգրացիոն հոսքերի դրական դինամիկա
ՔաղաքականությունԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միգրացիոն սալդոն կազմել է -6 հազար 146: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ այս ցուցանիշը սահմանահատումների ընդհանուր դեպքերի սալդոն է, այսինքն, երբ մեկ անձը մի քանի անգամ է սահմանը հատում, դա նույնպես այս ցուցանիշում ներառված է:
«Սակայն մենք ունենք նույնականացված տվյալները: Այդ տվյալների համաձայն սալդոն կազմում է -5 հազար 204: Սալդոն ինքնին բացասական է, բայց եթե այս ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա տեսնում ենք, որ դրական միտումն ակնհայտ է: 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով միգրացիոն սալդոն կազմել է -30 հազար 853: Էական փոփոխությունը երևում է»,-ասաց Արմեն Ղազարյանը:
Միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց նաև Եվրոստատի տվյալները՝ կապված ԵՄ երկրներում Հայաստանից ապաստան հայցողների հետ:
«ԵՄ-ի երկրներում, գումարած Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում, Շվեյցարիայում 2017 թվականի առաջին կիսամյակում եղել է Հայաստանից ապաստան հայցելու 3 հազար 270 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում է 2 հազար 490: Այսինքն՝ էական նվազումն ակնհայտ է: Եթե այս ցուցանիշը համադրում ենք սահմանահատումների վիճակագրության հետ, ապա տեսնում ենք, որ ունենք դրական միգրացիոն դինամիկա»,-հավելեց Արմեն Ղազարյանը: