Բացահայտվել է օրենքով գողի սպանությունը
ԱշխարհԱյս տարվա օգոստոսի 18-ին Ստամբուլում անհայտ անձինք մեքենայի մեջ գնդակահարել էին «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկուն, որի արդյունքում Ռովշանն ու իր վարորդը սպանվել էին: Ինչպես գրում է Росбалт-ը, ռուսական իրավապահ մարմինները նույնպես հետաքննություն էին սկսել այս սպանության գործով: Նրանք պարզել են, որ «օրենքով գողից»՝ Ռովշանից վրեժ են լուծել այս տարվա գարնանը Մոսկվայում սպանված, ազգությամբ ադրբեջանցի, «կանաչեղենի արքա» Ջամբուլատ Շամիլ օղլիի սպանության համար: Քանի որ Լենքորանսկու սպանությունը ազդել է նաև Ռուսաստանում քրեական աշխարհի ուժերի դասավորության վրա, ռուս քրեագետները նույնպես զբաղվեցին Ռովշանով:
Նրանք պարզել էին, որ Շամիլի սպանությունը իրականացրել են երկու վարձու մարդասպաններ, ովքեր «օրենքով գող» Լենքորանսկու խմբից էին: Սրանում համոզվել էին նաև Շամիլի հարազատներն ու իր խմբի մարդիկ: Ըստ ռուս իրավապահների, Ռովշան Լենքորանսկուն սպանել են հենց Շամիլի մարդիկ, ովքեր «օրենքով գողին» համարել էին «արյան թշնամի» և նրան սպանելու վճիռ էին կայացրել:
Ռովշանի սպանությունը, ըստ ռուսական իրավապահ մարմինների, կազմակերպել է մեկ այլ «օրենքով գող», ազգությամբ ադրբեջանցի Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի):