Շարունակում է խարդախությունները
ՀասարակությունՀայաստանում իրավապահ համակարգն անկարող է կամ էլ պարզապես չի ցանկանում որեւէ կերպ վերջ տալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի գործունեությանը։
31-ամյա Ս.Դանիելյանը, որ խարդախության համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հիմա էլ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատվում է 25 դրվագով նոր խարդախություններ անելու համար, մեկուսարանից շարունակում է իր հանցավոր գործունեությունը՝ հափշտակելով քաղաքացիների գույքը։ «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ Ս.Դանիելյանի զոհն են դարձել նաեւ շախմատիստուհիները՝ դեռ 2015թ. նա հափշտակել էր Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների չեմպիոնուհի Արփինե Գրիգորյանի նոթբուքը, իսկ այս տարվա աշնանը Ս.Դանիելյանը հափշտակել էր Շախմատի կանանց հավաքականի անդամ, 2016թ. չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանի Այֆոն հեռախոսը։ Երկու դեպքում էլ քրեական գործը տեղից չի շարժվել, եւ գողոնը չի առգրավվել։