Ի՞նչ են ակնարկում ագռավներն Էջմիածնում
Հասարակությունshame.am-ը գրում է․
Կարծես թե մեր հոգսերը մեզ քիչ էին, հիմա էլ մեկ այլ պատմություն է սկսել մտահոգել մարդկանց: Հայտնի դարձավ, որ վերջին օրերին Էջմիածնի Մայր տաճարը պաշարված է մեծաքանակ ագռավների երամով։ Մայր տաճարի գմբեթը, հատկապես երեկոյան ժամերին, հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ, որոնց սոսկալի խմբակային կռկռոցը գրավում է հավատացյալների ու այցելուների ուշադրությունը:
Մեր ամենատես լրագրողներն էլ առիթը բաց չթողեցին հետաքրքրվել թռչունների այդօրինակ վարքով՝ ձեռքի հետ էլ պարզելու կատարվածի ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգևոր դրդապատճառները: Նախ պարզեցին, որ երևույթն արդեն երեք տարի շարունակվում է ու նորություն չէ ոչ տեղի բնակիչների, ոչ էլ պարբերաբար սրբատեղի այցելող հավատացյալների համար: Իսկ հետո կենսաբանական հնարավոր պատճառների մասին իր տեսակետը շարադրեց թռչնաբան Սիլվա Ադամյանը և առաջ քաշեց մի վարկած, համաձայն որի՝ այսօրինակ վարքը կենսաբանական երկու պատճառ կարող է ունենալ: Կամ խոսքն աղբի մեծ կուտակման մասին է, ինչը գրավել է ագռավներին, կամ պատճառը բնադրման սեզոնի հետ է կապված, թեև ձմռանը թռչունների բնադրման սեզոնը բացառվում է, և խոսել ձագերի մասին՝ անիմաստ է: Մի խոսքով, առեղծված: Իսկ այդ պարագայում մնում է երկրորդ տարբերակը, որ պիտի որոնել հոգևոր դաշտում:
Ու հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Մի դեպքում վերհիշում են «Նոյի ագռավ» արտահայտությունն ու դրա մեջ թաքնված իմաստը: Մեկ այլ դեպքում ենթադրում են, որ թռչունները շատ շուտ են զգում ամեն տեսակի աղետները՝ լինեն բնական, թե հոգևոր բնույթի, իսկ այդ պարագայում դրանք կարող են լինել սպասվող առատ տեղումները, տարերային աղետները, անոմալ կլիմայական փոփոխությունները և այլն: Եվ վերջապես, գալիս է ամենաայժմեականը: Մարդիկ ասում են, որ հիմա հոգևոր կյանքում այնքան աննորմալ երևույթների ենք ականատես լինում, որ այս իրավիճակում մնում է միայն ակնկալել իրենց՝ հոգևորականների բացատրությունը: Հավատացյալների համար հոգևոր հայրերին թերևս հաջողվի բացատրություն գտնել: Իսկ ագռավների համար կգտնվի՞: