Գլխավոր դատախազությունը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
ՀասարակությունՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեռ որոշակի ընթացակարգեր կան, որոնք իրականացման փուլում են։
«Առայժմ ձեռնպահ կմնամ մեկնաբանել, թե երբ հնարավոր կլինի իրականացնել Սարգսյանի արտահանձնումը»,–ասաց նա։
37-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: 2018 թ- ից նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Անցած տարվա դեկտեմբերին Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն Պրահա էր ուղարկվել դեկտեմբերի 28-ին։